Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեր ծանրամարտի Եվրոպան ու աշխարհը

Մեր ծանրամարտի  Եվրոպան ու աշխարհը
16.04.2013 | 14:15

Անցած շաբաթ Հայաստանի ծանրամարտի միանգամից երկու ընտրանի դուրս եկավ միջազգային մրցասպարեզ: Մեկը Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մասնակցող ազգայինն էր, մյուսը` աշխարհին մասնակցող պատանեկանը:

Սկսենք Եվրոպա ուղարկվածներից:
Ասել, թե իր կազմով ընտրանին փորձնական էր, կնշանակի ի սկզբանե, այն էլ խիստ հստակ դիտավորությամբ, մոլորության մեջ գցել ընթերցողին, ինչը մեզանում արդեն դարձել է լավ էլ ընդունված ձեռագիր: Ոչ մի փորձնական բան էլ չկար այդ հավաքականում, դրա մասին խոսք անգամ չի կարող լինել: Ճշմարտությունը, եթե կուզեք իմանալ, պահանջում է ասել, որ եվրոպական մրցաբեմ հանելու համար այս պահին մեզանում քիչ թե շատ մրցունակ ընդամենը երեք մարզիկ էր «գտնվել»: Ընդ որում, կուզենայինք առանձնակի ուշադրություն դարձնել այդ երեքից երկուսի` Անդրանիկ Կարապետյանի ու Գոռ Մինասյանի տակավին պատանեկան տարիքին: Նրանցից առաջինը ոչ լրիվ տասնութ, երկրորդը գրեթե նույնքան ոչ լրիվ տասնինը տարեկան է: Մեծահասակների մրցահարթակի համար միակ քիչ թե շատ «պնդացած ոսկոր» ունեցողը քսաներեքամյա Հայկ Հակոբյանն էր. եթե պարզ խոսելու լինենք, մարզիկի ներկայացրած գերծանր քաշային կարգում այս տարիքն առանձնապես լուրջ չի ընկալվում:
Ընթերցողը, անշուշտ, հիշում է լոնդոնյան օլիմպիադային հայ ծանրորդների թույլ մասնակցությունը: Չգիտեմ` եղածն ում ինչպես է ներկայացել, ով ինչպես է այն ընկալել, սակայն, իմ համոզմամբ, այդ անպատվաբեր մրցելույթը միանգամայն սպասված էր, որքան էլ ոլորտի պատասխանատուների հետ մեկտեղ ինքս էլ իմ նախաօլիմպիական հրապարակումներով փորձում էի մարզաձևի սիրահարների մեջ լավատեսական տրամադրություններ պահպանել` անսալով վերջին երկու-երեք տարիներին իմ իսկ հրապարակումներում հնչեցրած տագնապի ազդանշանները, որոնք այդպես էլ մնում էին ձայն բարբառո հանապատի, որովհետև, ամենայն հավանականությամբ, համապատասխան մարդիկ ոչ թե տառաճանաչ չէին (ի՜նչ կարող ես անել` ես շարունակում եմ մնալ անուղղելի լավատես), այլ նրանց պարզապես ձեռք էր տալիս քնած վիճակը, «կուտ ուտելն» ու ուրիշներին «կուտ տալը»:
Լոնդոնյան անհաջողությունը պայմանավորած գործոնները շատ էին ու, ցավոք, էլի շատ են: Եթե Հայաստանում կգտնվի ոլորտի պատասխանատու թեկուզ մեկ մարզիչ, մասնագետ, ֆունկցիոներ, ով սույն հարցում կփորձի առարկայական զրույցի բռնվել մեզ հետ, սիրահոժար պատրաստ ենք ընդունելու հրավերը` շատ ավելի կոնկրետ փաստերով ցույց տալով, թե մի կողմից «որոշների» ամբիցիաների ու գավառամտության, մյուս կողմից` մյուս «որոշների» փառասիրության, ինքնագոհ ու դեմագոգիկ, բանսարկու գործունեության ու պահվածքի արդյունքում ինչ տեղատվություն ապրեց ու ապրում է հայկական ծանրամարտը:
Մարտի 5-ի թվագրությունը կրող իմ facebook-յան էջում ես, ի մասնավորի, գրել էի. «Ի պատասխան ՀՀ ծանրամարտի հավաքականի մարզչի հետ ունեցած Armsport.am-ի զրույցի, պիտի ասեմ, որ առնվազն տարօրինակ կազմ է (խոսքը վերաբերում է Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող հավաքականին), եթե անգամ ընդունենք, որ այն հարկադրաբար է կազմված։ Ես բնավ էլ չեմ զարմանա, եթե այդ կազմից մեկը կամ երկուսը, լավագույն դեպքում երեքը, գնան Եվրոպա»: Ընդ որում, առանց անուններ նշելու, մեկն ասելով, նկատի էի ունեցել գյումրեցի Գոռ Մինասյանին, երկուսն ասելով` երկրորդի թեկնածության հաշվով նկատի էի ունեցել հայթաղցի Անդրանիկ Կարապետյանին, ում առնչությամբ, նկատի ունենալով ծանրորդի տակավին պատանեկան տարիքը, հավաքականի գլխավոր մարզիչը դեռևս նոյեմբեր-դեկտեմբերին որոշակի վերապահումներ ուներ առնվազն երկու-երեք տարվա կտրվածքով: Ինչ վերաբերում է երրորդի հնարավոր թեկնածությանը, իմ չափազանց լավատեսական պատկերացմամբ (այն էլ` անհամ ջրիկ, քանի որ ինքս էլ դրան չէի հավատում) այն լինելու էր լոնդոնյան օլիմպիադայի ամենամեծ ձախողակներից մեկը` Առաքել Միրզոյանը, ով անձամբ էր հրապարակավ հայտարարել առաջնությանը պատրաստվելու մասին: Այս ենթադրյալ կազմից, այն էլ առավելագույն, եթե տեսնում եք, միակ բացառությունը եղել է Հայկ Հակոբյանը: Եթե վերջինիս պարագան դնենք մի կողմ, փաստորեն, Հայաստանի ազգային ընտրանին առաջնություն էր մեկնել երեկվա պատանիներով:
Ինչպես գնահատել տղաների մրցելույթը։
Անդրանիկը միանշանակ փայլեց, ու այստեղ հարցը բնավ էլ այն չէ, որ պոկում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ: Ի դեպ, մի փոքր էլ հաջողակ լիներ մեր տղան, կարող էր ունեցածին ավելացնել երկամարտի արծաթը կամ բրոնզը: Իհարկե, ափսոսանք կա նրանում, որ մեծ մեդալի համար պայքարում վճռորոշ եղավ նրա անձնական ծանր քաշը, սակայն երկամարտի 346-ը (160+186) հուսադրող բնագիծ է շատ ավելի լուրջ կարևորության խնդիրներ լուծելու ճանապարհին: Հիշենք անցած տարվա սեպտեմբերի աշխարհի պատանեկան առաջնությունում ցույց տված նրա 331 (155+176) կգ արդյունքը: Այո, նկատի ունեմ Անդրանիկի աճի դինամիկան, ինչպես նաև մեծերի հետ պայքարում չընկրկելը: Իսկ «շատ ավելի լուրջ կարևորության խնդիրներ» ասելով, նկատի ունեմ աշխարհի սպասվելիք առաջնությունները, որտեղ, չինացիների հետ մրցակցությունում պիտի փորձի թև-թիկունք լինել Տիգրան Մարտիրոսյանին, պայմանով, եթե վերջինս չի որոշել բավարարվել եղածով:
Տիրանայում մեծահասակների մրցահարթակի «համն ու հոտն» առավ նաև մեր մյուս հսկան` Գոռ Մինասյանը: Չշտապենք 20 և 23 տարեկանների Եվրոպայի անցած տարվա առաջնությունում ցույց տված 421 (191+230) կիլոգրամի ֆոնի վրա երկամարտի նրա այս 400-ը (185+215) նահանջ համարել, սակայն, որ Գոռի կողքին անհաջողության մատնվեց Հայկ Հակոբյանը (ձախողեց հրում վարժության մոտեցումները), տագնապեցնող բան կա: Ես այս պահին դժվարանում եմ ասել, թե մեր ազգայինում որքան են տիրապետում գերծանր քաշայինների հետ տարվող աշխատանքին, սակայն փաստը մնում է փաստ, ինչպես որ փաստ է մնում և այն, որ վերջին երկու-երեք տարիների մեծահասակների առաջնությունում մենք միայն նահանջ ենք գրանցում: Սա է առավել անհանգստացնողը:
Դառնանք պատանիներին:
Տաշքենդի աշխարհի առաջնությունից վերադարձանք Սիմոն Մարտիրոսյան աշխարհի չեմպիոնով: Մեր այս պատանյակը գերազանցեց բոլոր սպասումները` միաժամանակ ապացուցելով, որ տարիքային այս խմբում (գլխավոր մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Էդիկ Կիզողյան) մեզանում կայունորեն պահպանվում են լավագույն ավանդույթները: Էջմիածինցի տասնվեցամյա այս մարզիկի մասին, իհարկե, պիտի գրել ու առանձին հոդված գրել: Սիմոնը շարժվում է վերընթացով, և նրա աճն ակնառու է: Անցած տարի երկամարտի 321 (148+173) կիլոգրամով 94 կգ քաշային կարգում նա դարձավ Եվրոպայի երրորդ մրցանակակիր, ոչ լրիվ մեկ ամիս անց 333 (150+183) կիլոգրամով չորրորդն էր աշխարհի առաջնությունում (երրորդը` հրում վարժությունում) ու հիմա, արդեն +94 կգ քաշային կարգում, աշխարհի չեմպիոն է 365 (165+200) կգ արդյունքով (երկամարտից զատ ոսկյա է եղել նրա մրցելույթը նաև հրում վարժությունում, իսկ 165-ը բերել է բրոնզ):
Մեր պատանեկան ընտրանին կազմված էր Հայաստանի առաջնության արդյունքներով` բացառությամբ 77 կգ քաշային կարգը ներկայացրած Սամվել Գասպարյանի: Հետաքրքրական է, որ բոլոր մարզիկներն էլ (բացառությամբ 56 կգ քաշային կարգը ներկայացնող Դավիթ Գասպարյանի, ով, ի դեպ, մրցումների ժամանակ վնասվածք է ստացել, ու մարզիչները հարկադրված են եղել կեսից հանել պայքարից) գերազանցել են հանրապետության առաջնությունում ցույց տված արդյունքները: Նրանցից երեքը` 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը (185=85+100)` վեցերորդ տեղ, 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը (280=125+155)` հինգերորդ տեղ, իրենց քաշային կարգերում եղել են Եվրոպա աշխարհամասը ներկայացրած մարզիկներից լավագույնը (Սիմոն Մարտիրոսյանն ինքնին հասկանալի է): Այս նույն ցուցանիշով եվրոպացի մարզիկների մեջ 69 կգ քաշային կարգում երրորդը Արթուր Սարգսյանն էր (275=123+152` յոթերորդ տեղ): Ասել է` եթե հարցին մոտենանք պարզ մեխանիկական ընկալմամբ, կունենայինք Եվրոպայի առաջնության երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալակիր, ինչը փայլուն ցուցանիշ է: Իհարկե, չարժե զարգացումներից առաջ ընկնել, մանավանդ որ աշխարհամասի պատանեկանն այնքան էլ հեռու չէ, բայց որ ամուր թիկունք ու լավ հեռանկար ունենք, սա ուրախացնող է:
Թերթի էլեկտրոնային տարբերակում հնարավորինս օպերատիվ ու մանրամասն ներկայացնելով առաջնությունում մեր մարզիկների մասնակցությունը` նշել էինք, որ աշխարհի այս պատանեկան առաջնությունը վարկանիշային էր մյուս տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի համար: Թիմային հաշվարկով հայտնվելով լավագույն իննյակում (ութերորդ տեղ)` մեր ընտրանին հավաքել է անհրաժեշտ միավորներ ու իրավունք ստացել օլիմպիադային մասնակցելու առավելագույն թվով` երկու մարզիկով:
Ինչ վերաբերում է մեր աղջիկների մասնակցությանը, այն ավելի քան համեստ է եղել` մասնակցություն հանուն մասնակցության: Այստեղ միջանկյալ նշենք, որ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը բաց թողեց կանանց ազգային ընտրանին, քանի որ մասնակից չունեինք:
Նյութն ավարտելուց առաջ եկեք հիշենք այլ երկրների ընտրանիների կազմում եղած ու մրցելույթները մեդալներով ավարտած հայազգի մարզիկներին նույնպես, քանզի, անկախ ամեն ինչից, նրանք մերն են, մեր գենետիկ կոդը կրողն են: Պատանիների աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր է դարձել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրած Էդուարդ Անանյանը` 62 կգ քաշային կարգում հրում վարժությունում նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Երկամարտում 245 (109+136) կիլոգրամով նա չորրորդն էր: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությունում Դավիթ Բեջանյանի մասնակցությանը, հայ ծանրորդը (105 կգ քաշային կարգ) Ռուսաստանին երկրորդ տարին անընդմեջ բերեց ոսկե մեդալ` երկամարտում ցույց տալով 411 (181+230) կգ արդյունք: Մեր առանձնահատուկ շնորհակալությունը հատկապես Դավթին, ով Եվրոպայում այդպես լիահունչ հիշեցրեց հայերիս գոյությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ